2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«Wikileaks-Ի ՄԻՋՈՑՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՐՈՇ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ»

«Wikileaks-Ի ՄԻՋՈՑՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՐՈՇ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ»
30.09.2011 | 00:00

Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ, կիրառվող նոր տեխնոլոգիաներն ու աշխարհաքաղաքական զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան հայաստանյան իրականության վրա։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք «P-Art» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ Wikileaks-ը Հայաստանին վերաբերող տեղեկատվությունը հենց այս պահին սկսեց հրապարակել։
-Իհարկե, մեծ է գայթակղությունը հայկական դոսիեի հրապարակումները կապելու Հայաստանում նախընտրական զարգացումների մեկնարկի հետ, բայց, ինչպես հայտնի է, Wikileaks-ը բացեց նախկինում կոդավորված իր բոլոր նյութերը, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող մոտ 1800 էջերը։ Դրանք հասանելի դարձան բոլորին, և ցանկացած ոք կարող է դրանց ծանոթանալ ու տարածել։ Այս պարագայում համոզված չեմ, որ Հայաստանին վերաբերող նյութերի ապակոդավորումն անմիջականորեն առնչվում է նախընտրական շրջանի մեկնարկի հետ: Սակայն նաև հետաքրքիր է, որ հայաստանյան «դոսիեն» բացվեց միայն ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարիա Յովանովիչի՝ Հայաստանից մեկնելուց հետո: Մինչդեռ հենց նրա՝ Վաշինգտոն ուղարկած զեկուցագրերն են հայկական «դոսիեի» կարևորագույն բաղկացուցիչը: Այլ հարց է, որ Wikileaks-ի նյութերով մեզանում շահագրգիռ տարբեր խմբեր կան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ բիզնես շրջանակներում, որոնք անգամ սրբագրումներ են կատարում այդ նյութերում։ Հաճախ մամուլ են մուտք գործում ընդհանուր համատեքստից դուրս, տվյալ քաղաքական ուժին ձեռնտու հատվածներ։ Մասսայական ընթերցողն ստանում է այն չափաբաժինը, ինչ իրեն մատուցվում է։ Այսինքն, միանշանակ կարող ենք փաստել, որ Wikileaks-ի հրապարակումները կիրառական նշանակություն ունեն հայաստանյան նախընտրական և այլ քաղաքական գործընթացներում։ Բայց հարցերի հարցը մնում է այն, թե ով է կանգնած այդ նույն Wikileaks-ի հետևում: Ամենից հաճախ շրջանառվող վարկածն այն է, որ այս բացահայտումները բխում են ԱՄՆ-ի պետական շահերից։ Կարծում եմ՝ բավականին վիճելի տեսակետ է: Տպավորությունս այն է, թե կա ինչ-որ այլ՝ ոչ ֆորմալ կենտրոն կամ կառույց, որը Wikileaks-ի տեղեկատվական և վերլուծական բազայի միջոցով փորձում է ներազդել այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ Վերջին տարիներին հստակորեն և պարզորոշ երևաց, որ համաշխարհային կառավարման այսօրվա մոդելը սպառել է իրեն. տարեցտարի ահռելի մեծ չափերի են հասնում կոռուպցիայի ծավալները, կառավարման գործող մոդելի արդյունքում կործանարար ճգնաժամեր են առաջանում ու խորանում։ Եվ չպետք է բացառել, որ Wikileaks-ի միջոցով համաշխարհային որոշ կենտրոններ փորձում են փոխել աշխարհի կառավարման սխեմաները։ Փորձում են սկզբից քանդելու, բացահայտելու միջոցով նոր արդյունավետ սխեմաներ ներդնել։
-Իսկ աշխարհաքաղաքական զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան ընտրությունների վրա։
-Որպես կանոն, արտաքին զարգացումներն ու դրսի քամիները մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Մասնավորապես, միշտ համարվել է, որ Հայաստանում ազդեցության ամենամեծ լծակներն ունի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Սովորաբար նախընտրական շրջանում հիմնական քաղաքական ուժերի միջև ռուսական «դաբրո» ստանալու համար յուրահատուկ մրցավազք է սկսվում։ Այս սցենարը, կարծում եմ, կպահպանվի նաև առաջիկա նախընտրական պայքարում. ընդգծված հակառուսական դրսևորումներ քաղաքական հիմնական ուժերի կողմից դժվար թե լինեն, քանի որ մեր տարածաշրջանում առայժմ պահպանվում է աշխարհաքաղաքական «ստատուս քվոն»` Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական դոմինանտ դերակատարմամբ: Երևանում օրերս տեղի ունեցած ռազմական շքերթն էլ դրա ապացույցն էր։ Սակայն նաև անժխտելի փաստ է, որ տարածաշրջանում անհամեմատ աճել է ամերիկյան գործոնը: Եթե նախկինում ամերիկյան ազդեցության հիմնական ոլորտը ֆինանսավարկայինը և տնտեսականն էր, ապա վերջին տարիներին հիմնականում հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մեկնարկով զգալիորեն աճեց նաև ամերիկյան քաղաքական ազդեցությունը հայաստանյան գործընթացների, իշխանական և ընդդիմադիր ուժերի գործողությունների վրա:
-Գուցե այդ ազդեցության աճը պայմանավորված է նաև Ռուսաստանի այսօրվա տնտեսական և քաղաքական անմխիթար վիճակո՞վ:
-Իհարկե, դա ակնհայտ փաստ է, թեև չէի ասի, որ նույն ԱՄՆ-ում կամ առավել ևս եվրազոնայի երկրներում իրավիճակը շատ ավելի մխիթարական է: Ինչ խոսք, Ռուսաստանը բավականին բարդ տնտեսական վիճակում է. մինչ բոլորովին վերջերս կային լուրջ քաղաքական անորոշություններ, մասնավորապես, նախագահական ընտրությունների հետ կապված, նաև կան ու սրվելու են աշխարհաքաղաքական մարտահրավերները։ Այս առումով Վլադիմիր Պուտինի դեյուրե վերադարձն իշխանության գլուխ որոշակիորեն կկայունացնի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրավիճակը երկրի ներսում, ինչպես նաև ավելի կանխատեսելի կդարձնի Ռուսաստանի արտաքին քաղաքական գործողությունները մասնավորապես մեր տարածաշրջանում: Այլ հարց է, որ ռուսական ազդեցությունը հայաստանյան էլիտաների և հասարակության վրա տարեցտարի սրընթաց նվազում է: Նաև այն պատճառով, որ Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն բավականին նպատակասլաց ֆինանսատնտեսական և հումանիտար բնույթի քաղաքականություն են վարում Հայաստանում, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է աշխատել հին ավանդական մեթոդներով` շահագործելով հայ-ռուսական դարավոր բարեկամության գաղափարը։ Բավական է թեկուզ համեմատել, թե ինչ ակտիվությամբ ու արդյունավետությամբ են աշխատում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը և, օրինակ, «Ռոսսոտրուդնիչեստվո» կոչվող ռուսաստանյան կառույցը։ Հայաստանում ամերիկացիների ներդրած յուրաքանչյուր ցենտ հստակ նպատակ է հետապնդում:
-Եվրոպական երկրներն էլ, կարծես, փորձում են ակտիվանալ: Այս համատեքստո՞ւմ է պետք դիտարկել Ֆրանսիայի նախագահի սպասվելիք այցը Հայաստան:
-Նաև` այս: Մասնավորապես, Նիկոլա Սարկոզին կփորձի ակտիվացնել, նոր լիցք հաղորդել հայաստանյան քաղաքական դաշտի ֆրանսիական «լեգեոններին»...
-Նկատի ունեք Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկի՞րը»։
-Թերևս, ոչ... Քանի որ ՕԵԿ-ն արտաքին քաղաքական իր կողմնորոշումներում նույնպես շատ փոփոխական է:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ